Եվրամիությունը սառեցրել է Սերբիայի ֆինանսավորումը, քանի դեռ Բելգրադը չի կատարել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները
Եվրամիությունը սառեցրել է Սերբիայի ֆինանսավորումը, քանի դեռ Բելգրադը չի կատարի Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները։ Այս մասին տեղեկատվություն է տարածում սերբական մամուլը։
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Եվրամիությունը Սերբիայից ակնկալում է Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների կատարումը, որոնք վերաբերում են դատական համակարգում և դատախազությունում հաստատված փոփոխություններին։
Բրյուսելում ասում են, որ Եվրամիության ֆինանսական օգնությունը կարող է վերականգնվել միայն դրանից հետո։
«Ներկայումս զարգացման ծրագրի շրջանակներում բոլոր վճարումները կասեցված են՝ արդարադատության ոլորտում հետընթացի պատճառով։ Քանի դեռ իրավիճակը չի շտկվել, Եվրամիության ֆինանսական աջակցությունը չի վերականգնվի»,- հայտարարել է Կոսը։
Ինչպես գրում է սերբական մամուլը, եթե երկիրն արձագանքի Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին, որոնք վերաբերում են դատական համակարգի և դատախազության մասին օրենսդրության մեջ հաստատված փոփոխություններին, Եվրահանձնաժողովը լրացուցիչ գնահատում կանցկացնի և այնուհետև կորոշի՝ վերականգնել ֆինանսական օգնությունը, թե ոչ։
Ըստ լրատվամիջոցների՝ բացասական գնահատականի դեպքում Սերբիայի համար նախատեսված միջոցները կվերաբաշխվեն նույն ծրագրում ներգրավված այլ երկրների միջև։