Եվրամիությունը մտադիր է Ուկրաինայի տարածքով շարունակել ռուսական բնական գազի մատակարարումը անդամ երկրներին, քննարկվում է նաեւ ռուսական գազատարով ադրբեջանական բնական գազի մատակարարման հարցը
Եվրամիությունը մտադիր է շարունակել ռուսական բնական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով։ Քննարկվում է նաև ռուսական գազատարով ադրբեջանական բնական գազը Եվրամիություն մատակարարելու հարցը։
Ինչպես գրում է գերմանական լրատվամիջոցը, եվրոպական մի քանի երկրներ արդեն սկսել են աշխատել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն շարունակելու ուղղությամբ նույնիսկ այն բանից հետո, երբ Կիևի և Մոսկվայի միջև կնքված պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի վերջին։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովը և Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում են, որ Գերմանիայի կառավարությունն ու Բրյուսելը բանակցություններ են վարում ԵՄ անդամ երկրների հետ, որոնք ռուսական գազը ստանում են տարանցիկ ճանապարհով։
Բացի այդ, Եվրամիությունը դիտարկում է ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքելու հարցը։
Չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին, Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա և Չեխիա։ Հունիսի սկզբին «Բլումբերգը» գրել էր, որ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են 2025 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան կապող խողովակաշարով գազի մատակարարումը շարունակելու հարցը։ Գործակալության տվյալներով՝ տարբերակներից մեկը եվրոպական ընկերությունների կողմից Ադրբեջանում գազի գնումն է և ռուսական գազատարով ԵՄ երկրներ մատակարարումը։
Ավելի ուշ «Bloomberg»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ ադրբեջանական գազի առաքումը Եվրամիություն դիտարկվում է որպես հնարավոր տարբերակներից մեկը, և դրա վրա աշխատում են ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները։ Մյուս կողմից, Ադրբեջանն ասում է, որ իրենք ցանկանում են ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա, թեև դեռ երկարաժամկետ պայմանագիր չեն կնքել լրացուցիչ գազի արդյունահանման մեջ ներդրումներ կատարելու համար։ Ադրբեջանը կարող է բնական գազի առևտուր անել Ռուսաստանի հետ, ինչը ընդունված պրակտիկա է, երբ ֆիզիկապես անհնար է բնական գազ հասցնել մի տեղից մյուսը, բայց տեսականորեն դա կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին կարճաժամկետ հեռանկարում։ Ուկրաինական «Նեֆտոգազ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշովն ասել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ուկրաինական գազատրանսպորտային համակարգը շարունակի աշխատել։