Եվրամիությունը մեղադրում է META հարթակներին կանոնները խախտելու մեջ և կոչ է անում նրանց թույլ չտալ 13 տարեկանից փոքր անչափահասներին ստեղծել սոցիալական հաշիվներ
Եվրամիությունը մեղադրում է META սոցիալական հարթակներին՝ Facebook-ին և Instagram-ին, կանոնները խախտելու մեջ և նշում է, որ ընկերությունը պետք է ավելին անի 13 տարեկանից փոքր երեխաներին պաշտպանելու համար, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ META-ն խախտում է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը, որն արգելում է 13 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծել։
ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը պահանջում է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ավելին անեն իրենց հարթակներում անօրինական և վնասակար բովանդակության տարածման դեմ պայքարելու համար։
Տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենի խոսքով՝ META-ն բավարար միջոցներ չի ձեռնարկում անչափահասներին պաշտպանելու համար, այդ թվում՝ ծառայություններին մուտք գործելիս նրանց նույնականացնելով։ Նա ասել է, որ Եվրոպայում 13 տարեկանից փոքր երեխաների 10-12%-ը օգտագործում է Facebook-ը և Instagram-ը։
«Մեր նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Instagram-ը և Facebook-ը չափազանց քիչ բան են անում այս տարիքի երեխաներին իրենց ծառայություններից օգտվելը կանխելու համար: Պայմաններն ու դրույթները չպետք է լինեն միայն գրավոր հայտարարություններ, այլ պետք է հիմք հանդիսանան օգտատերերին, այդ թվում՝ երեխաներին, պաշտպանելու կոնկրետ գործողությունների համար», – ասել է Վիրկունենը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Meta-ն կարող է արձագանքել մեղադրանքներին և միջոցներ ձեռնարկել մինչև հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը, հակառակ դեպքում ընկերությունը կտուգանվի։