Եվրամիությունը 30 մլն եվրո կհատկացնի Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու համար
Եվրամիությունը 30 մլն եվրո կհատկացնի Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու համար

Եվրամիությունը 30 մլն եվրո կհատկացնի Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու համար։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Խորհուրդն այսօր ընդունել է երկու օգնության միջոց Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում՝ աջակցելու Մոլդովայի զինված ուժերին և Վրաստանի պաշտպանության ուժերին, ամրապնդելու ազգային անվտանգությունը, կայունությունը և դիմակայունությունը երկու երկրների պաշտպանական հատվածում», – ասվում է հաղորդագրությունում։

Եվրախորհրդի տվյալներով՝ Վրաստանին հաստատված 30 միլիոն եվրոյի օգնության փաթեթը ներառում է 36 ամիս ժամկետ։ Նշված գումարը կֆինանսավորի Վրաստանի Պաշտպանության ուժերի ստորաբաժանումների ոչ մահաբեր սարքավորումները, մատակարարումները և ծառայությունները, այդ թվում՝ պահանջի դեպքում տեխնիկական պատրաստություն։

Խորհրդի տվյալներով՝ Վրաստանն օգնություն է խնդրել 2023 թվականի փետրվարի 8-ին։ Նախկինում 2022 թվականի դեկտեմբերին խորհուրդը հաստատել էր 20 միլիոն եվրոյի օգնության փաթեթը, իսկ 2021 թվականի դեկտեմբերին՝ 12,75 միլիոն եվրոյի փաթեթը։

Նմանատիպ նպատակներով Եվրամիության խորհուրդը որոշել է 40 մլն եվրո հատկացնել Մոլդովայի զինված ուժերին աջակցելու համար։