ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին բանակցություններ է վարել Կուբայի Պետական կոմիտեի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:
Կուբայի հեռուստատեսությունը հայտնում է, որ Մոգերինին եւ Կաստրոն «արձանագրել են Կուբայի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների լավ վիճակը ու քննարկել են դրանց զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության եւ համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու լույսի ներքո»: Դրանից զատ, նրանք կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի տարբեր հարցերով:
Կուբա երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Ֆեդերիկա Մոգերինին բանակցություններ է վարել նաեւ Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի, արտաքին առեւտրի եւ արտասահմանյան ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկայի, Ազգային ասամբլեայի նախագահ Էստեբան Լասոյի եւ մշակույթի նախարար Աբել Պրիետոյի հետ:
Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունը «հուսալի եւ կանխատեսելի գործընկեր է»: Նա անընդունելի է համարել ԱՄՆ կողմից ավելի քան 50 տարի շարունակվող առեւտրատնտեսական էմբարգոն: Նա ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է խստացնել Կուբայի նկատմամբ վարվող քաղաքականությունը: