Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը դեմ է Ռուսաստանի միջնորդությանը Իսրայել-Իրան հակամարտության հարցում
Ինչպես նշել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անվար Էլ Աննունին, Մոսկվան չի կարող լինել «օբյեկտիվ միջնորդ»՝ Թեհրանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով։ Նրա խոսքով՝ հունվարին Ռուսաստանը և Իրանը ստորագրել են գործընկերության մասին համաձայնագիր, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդում։
Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը զրոյական վստահություն ունի, քանի որ ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, որի շրջանակներում խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Տեղեկատվության համար, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բաց է Ռուսաստանի հնարավոր միջնորդության համար Իսրայելա-Իրանական հակամարտության կարգավորման հարցում։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Դրանց թվում էին Թեհրանում գտնվող օբյեկտների և միջուկային կենտրոնների վրա հարձակումները։ Հարվածները դեռևս շարունակվում են։ Արդյունքում զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և այլ բարձրաստիճան գեներալներ, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող իրանցի գիտնականներ։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 200 մարդ։
Թեհրանը Իսրայելի հարվածները գնահատել է որպես «պատերազմի հայտարարում» և ամեն օր Իսրայելի ուղղությամբ արձակում է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Իսրայելական բանակի տվյալներով՝ հունիսի 16-ի առավոտվա դրությամբ իրանական հարձակումների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ 592-ը։