Եթե Ռուսաստանը դադարեցնի կռիվը, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի, բայց եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, այլևս չի լինի Ուկրաինա. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

11:50, 28.08.2022

Եթե ​​Ռուսաստանը դադարեցնի կռիվը, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի, բայց եթե Ուկրաինան դադարի կռվել, այլևս չի լինի Ուկրաինա,- այս մասին Ֆրանսիայում, Տայզե գյուղում քրիստոնեական էկումենիկ միջոցառման ժամանակ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը:

Իր ելույթում Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենն ասել է, որ Եվրամիությունը ստեղծվել է խաղաղություն հաստատելու համար, և այս տարի, Ուկրաինայում Կրեմլի պատերազմի ֆոնին, Եվրամիությունը պետք է կատարի իր հիմնադիրների նկրտումները, կրի անվտանգության վերականգնման առաքելությունը և հաստատի խաղաղություն Եվրոպայում։

«Եթե Ռուսաստանը դադարեցնի կռվելը, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի, բայց եթե Ուկրաինան դադարի կռվել, այլևս Ուկրաինա չի լինի: Այնպես որ, այսօր տեր կանգնել խաղաղությանը, նշանակում է կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին։ Ուկրաինացիները պայքարում են իրենց ժողովրդավարության, ինքնորոշման, մարդկային արժանապատվության հարգման համար։ Ուկրաինացիները պայքարում են գոյատևման, բայց նաև մեր եվրոպական արժեքների համար, և ես վստահ եմ, որ Ուկրաինայում վերջին խոսքը չարը չի ունենա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ըստ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի՝ և՛ ուկրաինացիները, և՛ Եվրամիությանը մոտ գտնվող մյուս ժողովուրդներն ասում են, որ փոփոխություններ են ուզում և իրենց ապագան տեսնում են Եվրամիությունում:

«Մեր հարևանները՝ Ուկրաինայում և արտերկրում, մեզ ասում են, որ փոփոխություններ են ուզում։ Նրանք ցանկանում են ավելի շատ ժողովրդավարություն, ավելի շատ ազատություն, ավելի շատ հեռանկար: Մի խոսքով, նրանք ավելի շատ Եվրոպա են ուզում։ Ես կասկած չունեմ, որ մեր միությունը պետք է լինի մեր արժեքները կիսող եվրոպական բոլոր երկրների տունը։ Եվրոպական արժեքների մեր ընտանիքը կծաղկի և լավ հարաբերությունների մեջ կլինի մեր հարևանների հետ: Միայն այս կերպ մենք կարող ենք իրականացնել մեր հիմնադիրների ձգտումը դեպի խաղաղություն և հաշտություն»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

Նմանատիպ