Ես ուրախ եմ, որ Սաակաշվիլին ունի դատարան գնալու հնարավորություն, հուսով եմ, որ նրա կողմնակիցները պատասխանատվությամբ կվարվեն. Քելի Դեգնան
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանի հայտարարությամբ, իրենք ուրախ են, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ է տալիս ներկա գտնվել այսօրվա դատավարությանը։
Նրա խոսքով, արդար դատաքննության իրավունքն ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ։
«Մենք շատ գոհ ենք, որ պարոն Սաակաշվիլիի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել նիստին։ Միացյալ Նահանգները, ինչպես մյուսները, կոչ արեցին, որ նրա ցանկության դեպքում, արդար դատաքննության իրավունքի շրջանակներում հնարավորություն ունենա ներկայանալ դատարան։ Սա այն է, ինչ ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այդ թվում ՝ ցանկության դեպքում դատարան ներկայանալու իրավունք։ Ուրախ եմ, որ նա դրա հնարավորություն ունի»,- ասել է Քելի Դեգնանը։
Միևնույն ժամանակ, դեսպանի խոսքով, ինքը հույս ունի, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները պատասխանատվությամբ կգործեն։
«Հուսով եմ, որ նրա կողմնակիցները պատասխանատվությամբ կվարվեն։ Իհարկե, նրանք իրավունք ունեն բողոքել խաղաղ ճանապարհով, բայց այստեղ հիմնական բառը «խաղաղն» է, և ես հուսով եմ, որ նրանք չեն միջամտի գործընթացին, ինչը նույնպես շատ կարևոր է այս սցենարում», – ասել է Քելի Դեգնանը։