Ենս Ստոլտենբերգ. Ֆինլանդիան մոտ օրերս պաշտոնապես կդառնա Դաշինքի 31-րդ անդամը
Ենս Ստոլտենբերգ. Ֆինլանդիան մոտ օրերս պաշտոնապես կդառնա Դաշինքի 31-րդ անդամը

Առաջիկա օրերին Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը, տեսաուղերձում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Մինչ այդ Թուրքիան դարձավ դաշինքի վերջին երկիրը, որը վավերացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի Ազգային ժողովի կողմից ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացումը։ Ներկայումս դաշինքի բոլոր 30 անդամները վավերացրել են անդամակցության արձանագրությունը։ Վերջերս ես խոսեցի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ և շնորհավորեցի նրան այս պատմական օրվա կապակցությամբ: Ֆինլանդիան պաշտոնապես կմիանա մեր դաշինքին մոտ օրերս։ Նրա անդամակցությունը Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ ՆԱՏՕ-ն՝ ավելի ուժեղ: Ֆինլանդիան ունի մարտունակ ուժեր, զարգացած կարողություններ և ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, ուստի Ֆինլանդիայի անդամակցությունը շատ բան կբերի Դաշինքին», – ասաց Ենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ անհամբեր սպասում է հնարավորինս շուտ՝ Շվեդիային որպես ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ ողջունելու հնարավորությանը։

«Դաշնակիցները համաձայն են, որ Շվեդիայի վավերացման գործընթացի արագ ավարտը բխում է բոլորի շահերից»,- ասել է Ստոլտենբերգը։

Շվեդիան և Ֆինլանդիան միասին դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ անցյալ տարվա գարնանը Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ միջամտության մեկնարկից հետո։ Ներկայումս Հունգարիայի և Թուրքիայի խորհրդարանները պետք է վավերացնեն Շվեդիայի դաշինքին միանալու արձանագրությունը։