Եմենցի «հութիները» հայտարարում են, որ Էր Ռիադի «Խալիդ» միջազգային օդանավակայանին հարված են հասցրել բալիստիկ հրթիռով
Եմենցի «հութիները» հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող «Արքա Խալիդ» միջազգային օդանավակայանի ուղղությամբ հարված են հասցրել բալիստիկ հրթիռով։ Տեղեկությունը հայտնում է «Euronews»-ը։
Այս պահի դրությամբ Սաուդյան Արաբիան պաշտոնապես չի հաստատել «հութիների» հարվածի մասին տեղեկությունը։ Այնուամենայնիվ, ականատեսների փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մի քանի պայթյունի ձայն է լսվել։
Հայտնի է դառնում, որ դեսպանատներում դիվանագետներին հրահանգվել է մնալ ապաստարաններում։
Ականատեսների հայտարարությամբ՝ անվտանգության միջոցառումներն ուժեղացրել են նաև միջազգային դպրոցները։
Սաուդյան Արաբիայի տեղեկություններով՝ նույն օդանավակայանի վրա ավելի վաղ անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Եվս երկու մարդ զոհվել է Աբհա քաղաքում գտնվող օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով։ Նշված օդանավակայանում չվերթների խափանումն արդեն երկրորդ օրն է շարունակվում։ Աբհայի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել են Մարոկկոյի և Ալժիրի քաղաքացիներ, ևս 28 մարդ վիրավորվել է։ Իսկ «Արքա Խալիդ» օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է Սուդանի քաղաքացի, ութ մարդ ստացել է վնասվածքներ։
Սաուդյան Արաբիայում պաշտոնատար անձինք չեն նշել երկու միջազգային օդանավակայանների վրա իրականացված հարձակումների համար պատասխանատու կողմին։
Ինչպես գրում է «Euronews»-ը, խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է «Անսար Ալլահ» անվամբ, վերջին օրերին հայտարարել է Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա բազմաթիվ հարձակումների մասին։ Հրթիռային հարվածներ են հասցվել նաև թագավորության կրիտիկական ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին։
«Euronews»-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումները սպառնալիք են ստեղծում Հորմուզի նեղուցի այլընտրանքային կարևոր ծովային երթուղիների համար։
Ի գիտություն՝ «հութիների» հարձակումները սրվել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Եմենի կառավարական ուժերը լայնամասշտաբ ցամաքային և օդային գործողություն են սկսել այն տարածքները վերադարձնելու համար, որոնք խմբավորումը զբաղեցրել էր մեկ ամիս առաջ Եմենի արևմուտքում՝ Կարմիր ծովի ափամերձ շրջանում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ։