ԵՄ խորհուրդը հաստատել է վիզային ռեժիմը կասեցնելու թարմացված կանոնները
Եվրոպական միության խորհուրդը հաստատել է առանց վիզայի մուտքի կասեցման նորացված կանոնները։
Ուղևորափոխադրումների ազատ ռեժիմի դադարեցման նոր մեխանիզմը Բրյուսելին հնարավորություն կտա ավելի արագ և վճռականորեն արձագանքել այն իրավիճակներին, երբ առանց վիզայի մուտքի ռեժիմը չարաշահվում է կամ հակասում է ԵՄ շահերին։
Նոր կանոնների համաձայն՝ առանց վիզայի մուտքի դադարեցման հիմքերը կձևափոխվեն և կլայնացվեն։
«Երբ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն, Եվրամիությունն կկարողանա չեղարկել առանց վիզայի մուտքը երրորդ երկրների հետ, եթե այդ պետությունը չի համապատասխանում ԵՄ վիզային քաղաքականությանը։ Բացի այդ, հնարավոր կլինի վիզային ազատականացման չեղարկում, եթե տվյալ պետությունն ունի ներդրողների համար քաղաքացիություն տրամադրելու ծրագիր, կամ եթե այդ երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ վատթարանում են, օրինակ՝ մարդու իրավունքների խախտման դեպքերում», – նշված է մամուլի հաղորդագրությունում։
Նոր մեխանիզմով վիզային ազատականացման դադարեցումը հեշտությամբ կկիրառվի, եթե տվյալ երկրից ԵՄ ժամանած քաղաքացիների՝ Շենգենյան գոտի մուտքի մերժման կամ սահմանված ժամկետը խախտելու, ապաստան հայցելու դիմումների ավելացման, ինչպես նաև լուրջ քրեական հանցագործությունների թվի աճ արձանագրվի։
Ըստ նոր կանոնների՝ առաջին անգամ վիզային ազատականացման դադարեցումը կտևի 12 ամիս՝ ներկայումս գործող 9 ամսվա փոխարեն։ Այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել ևս 24 ամսով։
«Վիզային ազատականացման ժամանակավոր կասեցման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա ԵՄ-ին համագործակցել երրորդ երկրի հետ՝ վերացնելու այն հանգամանքները, որոնք հանգեցրել են ռեժիմի դադարեցմանը (մինչև վերջնական չեղարկումը)», – նշված է հաղորդագրությունում։
Նոր մեխանիզմը նաև նախատեսում է թիրախային մոտեցում։ Եթե նախկինում երկարաձգման դեպքում միջոցը տարածվում էր երրորդ երկրի բոլոր քաղաքացիների վրա, ապա այժմ ԵՄ-ն կարող է այն կիրառել միայն կառավարության պաշտոնյաների և դիվանագետների նկատմամբ։ Վիզային ազատականացման նոր մեխանիզմը ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական հանդեսում հրապարակումից 20 օր անց։ Այն պարտադիր կլինի և կիրառելի ԵՄ անդամ բոլոր երկրներում։