ԵՄ վեց երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են եկել ապաստանի կանոնները խստացնելու միջոցառումների շուրջ
Եվրոպական միության վեց երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են եկել ապաստանի տրամադրման կանոնների խստացման միջոցառումների շուրջ։
Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի եւ Դանիայի ներքին գործերի նախարարների ու ներքին հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի ամենաբարձր գագաթին՝ Ցուգշպիցում։
Ապաստանի տրամադրման համաձայնեցված կանոնները, որոնք պետք է հաստատվեն Բրյուսելի կողմից, նախատեսում են ԵՄ սահմաններից դուրս գտնվող պաշտպանված կենտրոններում տեղափոխել այն միգրանտներին, որոնց մերժվել է ապաստանի տրամադրումը, ինչպես նաեւ նախատեսում են ապաստանի տրամադրման գործընթացի անցկացում երրորդ երկրներում, թույլ են տալիս արտահանում Աֆղանստան եւ Սիրիա։
Գերմանիայի նոր կառավարությունն արդեն խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, սահմանել է սահմանային հսկողություն եւ կասեցրել է ընտանիքների վերամիավորման ծրագիրը։
«Մենք բոլորս մտահոգված ենք, որ մեր երկրի վրա ապօրինի միգրացիայի բեռը նպաստում է հասարակության բեւեռացմանը։ Մենք ցանկանում ենք պայքարել այդ բեւեռացման դեմ», – հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։
Նախարարների համատեղ հռչակագրում նշվում է նաեւ, որ անօրինական միգրացիայի խնդրի հաղթահարման համար կօգտագործվի առեւտրային եւ զարգացման աջակցություն՝ միգրանտների հայրենիք վերադառնալը խրախուսելու եւ երրորդ երկրների հետ համագործակցությունը խորացնելու նպատակով։ Բացի այդ, վեց երկրները պայմանավորվել են պայքարել մարդկանց ապօրինի սահմանային տեղափոխմամբ զբաղվող անձանց եւ խմբերի դեմ։