Եկել է սահմանները միջազգային իրավունքի նորմերին համապատասխան որոշելու ժամանակը. Ադրբեջանի ԱԳ նախարար
Եկել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմաններ սահմանելու ժամանակը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Երկու պետությունների (Ադրբեջանի և Հայաստանի) անկախություն ձեռք բերելուց անցել է 30 տարի։ Նորմալ չէ, երբ երկու երկրների սահմանները տարիներ շարունակ չեն հաստատվում։ Պատճառներն ակնհայտ են՝ Հայաստանի կողմից երկար տարիներ վարած օկուպացիոն քաղաքականությունը։ Ադրբեջանն ազատագրեց իր հողերը, որոնք օկուպացված էին արդեն 30 տարի՝ այդպիսով վերականգնելով իր միջազգային սահմանները։ Սա նոր հնարավորություններ ստեղծեց։ Հիմա ժամանակն է սահմանները սահմանել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է ստեղծվի համատեղ հանձնաժողով՝ այդ հարցը լուծելու համար, և այդ գործընթացը պետք է սկսվի միջազգային սահմանների հարգման հիման վրա, ինչը կնվազեցնի լարվածությունը։
«Որքան շուտ հայկական կողմը հասկանա դա, հարգանքով վերաբերվի հարևաններին, ճանաչի սահմանները, չհավակնի հարևան երկրների հողերին, այնքան շուտ խնդիրը կլուծվի։ 21-րդ դարում նման քաղաքականություն վարելը ոչ մի պետության օգուտ չի բերի։ Եթե նայեք նրանց 30-ամյա օկուպացիոն քաղաքականությանը, կտեսնեք, թե դա ինչ սարսափելի հետևանքներ է ունեցել Հայաստանի իշխանության և ժողովրդի համար։ Մենք կարծում ենք, որ նրանք ճիշտ եզրակացություններ կանեն այս հարցում և ավելի տրամաբանական կգործեն»,- ասել է Բայրամովը։