ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով դրական արդյունքներ կտա
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով դրական արդյունքներ կտա։
Խանդանյանն այս հայտարարությունն արել է Ստամբուլում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանում՝ «Կամուրջներ, որոնք կապում են հեռանկարները. երկխոսության, միջնորդության և վստահության ամրապնդում անորոշության դարաշրջանում» իր ելույթի ժամանակ։
«Թուրքիայում գտնվելու ընթացքում չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը շուտով դրական արդյունքներ կտա։ Ներկայումս ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կզարգանա մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության», – ասել է Սարգիս Խանդանյանը։
Իր ելույթում Խանդանյանը նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններում ձեռք բերված առաջընթացի և խաղաղության կարևորության մասին։
«Վերջին մի քանի հանդիպումների ընթացքում մենք հույս և զգուշավոր լավատեսություն հայտնեցինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է։ Այսօր ես անկեղծորեն ուրախ եմ և պատիվ ունեմ հայտարարելու, որ, ըստ էության, այս Խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումներն այժմ իսկապես գործնական են դարձել՝ TRIPP երթուղու բացման ուղղությամբ կոնկրետ առաջընթացով՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։ Այս երթուղին օգուտ կբերի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլև կստանա համաշխարհային նշանակություն՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելով», – ասաց Սարգիս Խանդանյանը։