ԵԱՀԿ գնահատմամբ՝ Սերբիայի տեղական և խորհրդարանական ընտրություններում լուրջ խախտումներ են նկատվել
ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Սերբիայում անցկացված տեղական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատվել են լուրջ խախտումներ, այդ թվում՝ ընտրողներին կաշառելու և քվեատուփերում քվեաթերթիկներ լցնելու դեպքեր։ Տեղեկությունը տարածում է «Politico»-ն։
Տեղեկության համար՝ խոսքը նախորդ տարի կայացած ընտրությունների մասին է՝ դեկտեմբերի 17-ին, պաշտոնական արդյունքներով հաղթել է Սերբիայի իշխող առաջադիմական կուսակցությունը։ Դրան հաջորդեցին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները Սերբիայի կառավարությանը մեղադրեցին ընտրությունները կեղծելու մեջ։
«Ընտրությունների օրն անցել է հարթ, թեև արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, այդ թվում՝ քվեարկության և հաշվարկի ժամանակ անվտանգության մեխանիզմների ոչ հետևողական կիրառում, ընտրատեղամասերում մեծ թվով մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախտում և խմբակային քվեարկության բազմաթիվ դեպքեր։ ասված է ԵԱՀԿ զեկույցում։
Դիտորդների խոսքով, արձանագրվել են նաև քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ահաբեկման և ոտնձգությունների դեպքեր։
ԵԱՀԿ զեկույցում նշվում է նաև, որ Սերբիայի կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարել ընտրական օրենսգրքում 2022 թվականին, սակայն բազմաթիվ հանձնարարականներ դեռ չեն իրականացվել, այդ թվում՝ «հավասար ընտրական միջավայր ստեղծելուն»։
Ինչպես գրում է «Politico»-ն, սերբական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է ԵԱՀԿ-ի կազմած զեկույցը Սերբիայում կայացած ընտրությունների վերաբերյալ։
Տեղեկության համար՝ փետրվարի 8-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով Եվրախորհրդարանը պահանջում է անկախ հետաքննություն անցկացնել Սերբիայում կայացած ընտրությունների վերաբերյալ։
Սերբիայի վարչապետն ու նախագահը բացառել են միջազգային հետաքննության անցկացումը եւ հայտարարել, որ դա կլինի երկրի ինքնիշխանության խախտում։