Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակման պատճառով մի քանի շրջանների բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, առավել ծանր իրավիճակը Կիևի, Օդեսայի և Դնեպրի մարզերում է
Ռուսաստանը շարունակում է հարձակվել Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա, որի պատճառով Ուկրաինայի շրջանների բնակչության կեսը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Այս պահին Կիևի մարզի մի քանի շրջաններում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են։
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի առաջին փոխնախարար Արտյոմ Նեկրասովը, հրետակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժյեի, Ժիտոմիրի, Կիևի, Նիկոլաևի, Օդեսայի, Ռովնոյի, Սումիի, Խարկովի, Խմելնիցկիի և Չեռնիգովի մարզերի որոշ բաժանորդներ առավոտից մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Նա նշել է, որ վերանորոգման խմբերը, օպերատորները և դիսպետչերները աշխատում են շուրջօրյա։
Ուկրաինայի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումների ժամային գրաֆիկ և արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի սահմանափակումների գրաֆիկ կա։
Ուկրաինայի ապագայի ինստիտուտի էներգետիկ ծրագրերի ղեկավար Անդրեյ Պրոկիպը կարծում է, որ Ուկրաինայի որոշ խոշոր քաղաքներում կարող են էլեկտրաէներգիայի անջատումներ լինել մինչև երկու շաբաթ, ինչը բավականին հավանական է։ Էլեկտրաէներգիայի մատակարարման առումով ամենավատ իրավիճակը Կիևի, Օդեսայի և Դնեպրի մարզերում է։