Յունկերը վստահ է, որ brexit-ի հարցով համաձայնագիրը մինչ ԵՄ գագաթաժողովը կկնքվի
Յունկերը վստահ է, որ brexit-ի հարցով համաձայնագիրը մինչ ԵՄ գագաթաժողովը կկնքվի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը brexit-ի հարցով բանակցություններում կոշտ գործընկեր է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ համաձայնագրի բացակայությունը (brexit-ի հարցով՝ ԵՄ և Լոնդոնի միջև) «անհաջողություն» չէ, հաղորդում է Reuters-ը:

Չնայած Մեյի Բրյուսել կատարած այցի ընթացքում գրանցված աննշան առաջընթացին՝ Յունկերը նշել է, որ մնացել է 2 կամ 3 հարց համաձայնեցնել:

«Մենք կառուցողական և անկցեղծ հանդիպում ենք ունեցել: Նա կոշտ բանակցող է, նրա հետ հեշտ չէ: Նա եռանդուն պաշտպանում է Բրիտանիայի տեսակետը», – ասել է նա:

«Չնայած մեր ջանքներին և մեր թիմերի կողմից գրանցած նշանակալի առաջընթացին, վերջին մի քանի օրվա ընթացքում մնացած հարցերի շուրջ դեռևս անհնար է լիարժեք համաձայնության գալ», – ասել է Յունկերը՝ հավելելով, որ նա դեռ վստահ է, որ մինչև  հաջորդ շաբաթվա ԵՄ անդամ երկրների գագաթաժողովը համաձայնության կգան:

Թերեզա Մեյնն իր հերթին վստահություն է հայտնել Եվրամիության հետ  համաձայնագիր կնքելու մասին՝ չնայած դեկտեմբերի 4-ի հանդիպման ընթացքում նշանակալի առաջընթացի բացակայությանը:

«Երկու կողմերն էլ լավ են աշխատում, մենք դժվար բանակցություններ ենք ունեցել», – ասել է նա՝ հավելելով, որ վստահ է՝ շաբաթվա վերջում դրական առաջընթաց կգրանցվի: