Խորվաթիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է գործող նախագահ Զորան Միլանովիչը
Խորվաթիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը գործող նախագահ Զորան Միլանովիչն է։ հայտնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, մինչ այժմ հաշվվել է ձայների 98,65%-ը։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Զորան Միլանովիչը հավաքել է ձայների 74,58%-ը։ Նրա մրցակիցը՝ Խորվաթիայի դեմոկրատական միության ներկայացուցիչ Դրագան Պրիմորացը ստացել է ձայների 25,42%-ը։
Ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 44,15 տոկոս։
«Անձամբ ինձ համար մեծ օր է, և ես այս հաղթանակը տեսնում եմ որպես իմ աշխատանքի ճանաչում և ժողովրդի կողմից իմ հանդեպ վստահության հռչակում»,- ասել է Միլանովիչը։
Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է դեկտեմբերի 29-ին։ Գործող նախագահ Զորան Միլանովիչը ստացել է ձայների 49,2%-ը։ Նրա մրցակից Դրագան Պրիմորացը ստացել է ձայների 19,4%-ը։
Ի գիտություն, Միլանովիչը քննադատական վերաբերմունք ունի Ուկրաինայի խնդրի նկատմամբ։ Նա չի աջակցում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ԵՄ որոշմանը։ Միլանովիչը քննադատել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը։
Հեղինակ՝ Մարիամ Ախալայա