Խորհրդարանում կվերսկսվի Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացը
Այսօրվանից խորհրդարանում կվերսկսվի Գերագույն դատարանի դատավորների ցմահ ընտրության գործընթացը։ Աշխատանքային խմբի շրջանակներում, այսօր օրենսդրությամբ սահմանված կարգով կհաստատվեն Արդարադատության խորհրդի կողմից ներկայացված թեկնածուների փաստաթղթերը, որից հետո երրորդ ատյանի դատավորների թեկնածուների լսման ընթացակարգերը կհամաձայնեցվեն իրավաբանական հարցերի հանձնաժողովի նիստում:
Ի տարբերություն մեծամասնության, ընդդիմության մի մասը գտնում է, որ գործընթացը վստահություն չունի։ «Գիրչի» կուսակցության անդամ Սանդրո Ռաքվիաշվիլիի կարծիքով, գործընթացը չի օգնի բարելավել դատական համակարգը, քանի որ իշխող թիմը Գերագույն դատարանում դատավորներին հաստատում է առանց տարբեր խմբերի հետ կոնսենսուսի:
«Այս գործընթացն ի սկզբանե սխալ էր։ Մեր դատական համակարգը բարելավելու նպատակ չկար. Եթե նպատակը դատական համակարգը անհրաժեշտ դատավորներով և տարբեր խմբերի փոխադարձ համաձայնությամբ համալրելն է, ապա «Վրացական երազանք»-ի կողմից փորձ անգամ չի եղել։ Այնուհետև պարզ է, որ նման նշանակումներն ավելի կսրեն իրավիճակը դատական համակարգում»,- ասել է Սանդրո Ռաքվիաշվիլին։
Իշխող թիմում ընդգծում են գործընթացի թափանցիկությունը: Իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մաթիկաշվիլիի խոսքով, Գերագույն դատարանի թեկնածուների ընտրության կարգը մշակվել է միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան։
«Խորհրդարանի կանոնակարգը սահմանում է Գերագույն դատարանի թեկնածուների հետ հարցազրույցի կարգը։ Ընթացակարգն արդեն մշակվել է Վրաստանի խորհրդարանում։ Գերագույն դատարանի թեկնածուների լսումները բազմիցս անցել են շատ թափանցիկ։ Մեր միջազգային գործընկերների, համապատասխան պրոֆիլային ինստիտուտների մասնակցությամբ, և այս ընթացակարգը նույնպես կքննարկվի և կհաստատվի հանձնաժողովի նիստում»,- ասել է Դավիթ Մաթիկաշվիլին։
Արդարադատության խորհուրդը հարցազրույցից հետո ընտրել է օրենսդիր մարմնին ներկայավելիք չորս թեկնածուի։ Թեա Ձիմիստարաշվիլիին, Թամար Օքրոպիրիձեին, Նինո Սանդոձեին և Գենադի Մակարիձեին Գերագույն դատարանի դատավորի թիկնոց ստանալու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցությունը։