Խորհրդարանն սկսել է աշխատանքը քաղաքացիության օրենքում մտցվելիք փոփոխությունների շուրջ
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի սահմանադրական օրենքի նախագծի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկել են Վրաստանի սահմանադրական օրենքի նախագծից բխող «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրենքում մտցվելիք հնարավոր փոփոխությունները:
Հանդիպումը բացել է Իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան և խոսել այն հարցերի մասին, որոնց հիման վրա ստեղծվել է վերոնշյալ խումբը:
Կազմակերպչական հարցերին ծանոթանալուց հետո, իրավական հարցերով կոմիտեի նախագահը ներկայացրել է շնորհանդես, որը վերաբերում էր հետևյալ հարցերին. Կրկնակի քաղաքացիության թույլատրելիությանը, կրկնակի քաղաքացիության կարգավորիչ մոդելի սահմանմանը, կրկնակի քաղաքացիություն շնորհելու օրենքին և այլն:
Ինչպես նշել է Էկա Բեսելիան, փոփոխությունները պետք է մշակվեն միջազգային չափանիշները հաշվի առնելով և միևնույն ժամանակ պետք է հաշվի առնված լինեն անվտանգության հարցերը:
Իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին դիմել է, որպեսզի հաջորդ հանդիպմանը նրանք ներկայացնեն կարծիքներ՝ սկզբունքային հարցերի առնչությամբ:
Հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի խորհրդարանի անդամները, գործադիր իշխանության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: