Խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է նոր սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Փոփոխությունները հաստատվել են 115 ձայն կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ:

Օրենսդիր մարմինը այսօրևեթ ծրագրում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկել և հաստատել երկրորդ ընթերցմամբ, իսկ ինչ վերաբերում է երրորդ ընթերցմանը, ապա այն ծրագրվում է իրականացնել գարնանային նստաշրջանին:

 

Նոր սահմանադրական փոփոխությունները մի կողմից ապահովում են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական միությունների միանգամյա թույլտվությունը, իսկ 2024 թվականի ընտրություններին այլևս չի գործելու այսպես կոչված Բոնուս համակարգը:

Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են նաև սահմանադրական դատարանին, որի համաձայն մեծանում են դատարանի իրավասությունները և համապատասխան հայցի քննարկման համար ժամկետը դառնում է երեք ամիս:

Նշենք, որ խորհրդարանը նոր սահմանադրությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է սեպտեմբերի 26-ին, սակայն այն պատճառով, որ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այդ հարցի կապակցությամբ օգտվել է վետոի իրավունքից, խորհրդարանային մեծամասնությունը վետոն հաղթահարել է հոկտեմբերի 13-ին: Ինչ վերաբերում է նոր սահմանադրությանը, ապա այն ուժի մեջ կմտնի 2018 թվականին նոր նախագահի երդմնակալությունից հետո: