«Խաղաղության ծրագրի» շուրջ ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցությունները տեղի կունենան Շվեյցարիայում, ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Անդրեյ Երմակը
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից պատրաստված 28 կետանոց «խաղաղության պլանի» վերաբերյալ կքննարկվեն խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ։
Ումերովի խոսքով՝ առաջիկա օրերին կսկսվեն բանակցություններ Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որոնց նպատակն է սահմանել հնարավոր խաղաղ համաձայնագրի պարամետրերը։
«Ուկրաինան մոտենում է այս գործընթացին՝ իր ազգային շահերի հստակ գիտակցմամբ։ Սա երկխոսության հերթական փուլն է, որը շարունակվում է վերջին օրերին և նախևառաջ նպատակ ունի համաձայնեցնել հետագա քայլերը», – գրել է Ումերովը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ խորհրդակցությունները կանցկացվեն Շվեյցարիայում, սակայն ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ սկզբում Ումերովի հայտարարությունում նշված էր, թե բանակցություններին մասնակցելու են նաև ԵՄ անդամ պետություններ, սակայն այս հատվածը հետագայում խմբագրվել է։
Ուկրաինական մեդիայի տվյալներով՝ Շվեյցարիայում Ուկրաինայի պատվիրակության կազմում կլինեն՝
Ինքը՝ Ռուստեմ Ումերովը,
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը,
Ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը,
Ուկրաինայի ԱԳՆ-ի փոխնախարար Սերգեյ Կիսիլիցան։