Խաղաղության եվրոպական հիմնադրամը տասը միլիոն եվրոյով կաջակցի Հայաստանի զինված ուժերին
Խաղաղության եվրոպական հիմնադրամը տասը միլիոն եվրոյով կաջակցի Հայաստանի զինված ուժերին

Խաղաղության եվրոպական հիմնադրամը տասը միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանի զինված ուժերին: Օգնության միջոցառումների մասին որոշումը այսօր հավանության է արժանացել Եվրամիության խորհրդի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը որոշեց աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից։

Այս աջակցության նպատակն է ուժեղացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության ամրապնդմանը։ Այն նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ երկրի հնարավոր մասնակցության համար ապագա միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին, ներառյալ ԵՄ առաքելությունները:

Ինչպես նշվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ, անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների աճող տարր է։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս օգնությունը հետագայում կնպաստի երկրի դիմակայունության ամրապնդմանը:

«Մենք ընդհանուր շահ ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության ուղղությամբ, ինչպես նաև ակնկալում ենք Հայաստանի հետագա մասնակցությունը ԵՄ առաքելություններին և գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ։