Wall Street Journal – ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է սահմանում այլ երկրների ընտրությունների հրապարակային գնահատականների վրա
ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցնում արտասահմանյան ընտրությունների վերաբերյալ հրապարակային գնահատականների վրա՝ հրաժարվելով երկար տարիներ կիրառված պրակտիկայից, որը նպատակ ուներ խթանել ժողովրդավարական ստանդարտները։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներքին հրահանգին։
Հուշագրի համաձայն, որի տակ ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ը զերծ կմնա մեկնաբանություններից այլ երկրների ընտրությունների լեգիտիմության, արդարության և ժողովրդավարականության վերաբերյալ, եթե չլինի հստակ և համոզիչ արտաքին քաղաքական անհրաժեշտություն։
Փաստաթղթում ընդգծվում է, որ այս որոշումը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ազգային ինքնիշխանության սկզբունքի վրա կենտրոնացմամբ։ Հուշագրում նշվում է, որ ընտրություններից հետո Պետդեպարտամենտի հայտարարությունները պետք է սահմանափակվեն միայն հաղթողին շնորհավորելով և պետք է խուսափել ցանկացած գնահատականից ընտրական գործընթացի վերաբերյալ։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այլ երկրների վրա կառավարման ձևերի թելադրելու պրակտիկայից՝ այդ քաղաքականությունը կոչելով «կործանարար միջամտություն»։