Վստահ եմ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը կարտացոլի մեր եվրոպական ընտրությունը և կհաստատի Եվրամիության ավելի մեծ ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում. Դավիթ Զալկալիանի
Վաղը վարչապետի գլխավորած Վրաստանի պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որտեղ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, այս մասին կառավարության նիստից հետո կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, սա չափազանց կարևոր իրադարձություն է, որը կորոշի Արևելյան գործընկերության ապագա հեռանկարները։
«Մեզ համար այս ձևաչափը չափազանց կարևոր է, քանի որ այն Եվրամիությանը մերձենալու լավագույն միջոցներից է։ Վերջին 12 տարում` Արևելյան գործընկերության ձևաչափի ստեղծումից հետո, Վրաստանն այս ուղղությամբ շատ լուրջ առաջընթաց է գրանցել։ Վստահ եմ, որ այս գագաթնաժողովը նույնպես առավելագույնս կօգտագործվի մեր կողմից, որպեսզի այն առաջընթացը, որ երկիրը գրանցում է Եվրամիությանը ինտեգրման ճանապարհին, արտացոլվի ընդունված հռչակագրում։ Մենք ակնկալիքներ ունենք նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված, որի ուղղությամբ պետք է որոշվեն ապագա հեռանկարներն ու քայլերը Եվրամիության ինտեգրման առումով։
Ինչպես գիտեք, այս գագաթնաժողովին նախորդել են նախապատրաստական հանդիպումներ։ Ներկա եմ եղել Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը, որին առաջին անգամ վարչապետի ձևաչափով հաջորդեց Ասոցացված եռյակի այցը Բրյուսել։ Հենց այս երկու միջոցներն են առավել կիրառվել մեր ակնկալիքները առավելագույնս արտացոլելու առումով։ Համոզված եմ, որ դեկտեմբերի 15-ին մեր ընդունած հռչակագիրը կլինի հենց այն, ինչ մենք ակնկալում էինք, մասնավորապես, այն կարտացոլի մեր եվրոպական նկրտումները և եվրոպական ընտրությունները, ինչպես նաև կվերահաստատի Եվրամիությանը ավելի մեծ ներգրավվածություն հակամարտությունների կարգավորման գործում և կվերահաստատի մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով, Արևելյան գործընկերության գագաթնաժողովից ակնկալիքները դրական են։
«Կարևոր է նաև արտացոլել եվրոպական միասնական շուկայի հետ մերձենալու մեր ցանկությունը, առավելագույնս օգտագործել կապը, որը Վրաստանի և Եվրամիության միջև օրակարգի հիմնական ուղղություններից մեկն է՝ ապահովելու երկրի ֆիզիկական ինտեգրումը Եվրամիությանը և այս առումով մենք շատ լուրջ առաջընթաց ունենք։ Վրաստանը առավելագույնս ներգրավված կլինի Եվրամիության ծրագրերում և գործակալություններում:
Ակնկալիքներն իսկապես դրական են։ Վստահ եմ, որ այցի արդյունքում մենք կունենանք էական շոշափելի արդյունքներ, որոնք կորոշեն Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման հետագա քայլերը։
Շատ կարևոր է նաև այն ժամանակն ու ժամանակահատվածը, որում անցկացվում է այս գագաթնաժողովը։ Ինչպես գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Կարևոր է, որ մենք մշտական կապի մեջ լինենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Իհարկե, գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որոնք մենք նույնպես հնարավորինս կօգտագործենք մեր եվրոպացի գործընկերների հետ կարևոր հարցեր քննարկելու համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ»,- ասել է Դավիթ Զալկալիանին։