Վրաստանում մեկնարկել են «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ զորավարժությունները
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ զորավարժությունները մեկնարկել են։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ դաշտային մարտավարական զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել Մուխրովանիի մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ նշանակության ուսումնական կենտրոնում։
«Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին, Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թուրքեր Արին և Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը։
Վրացական պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իրակլի Ճիճինաձեն, Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական կցորդների տեղակալները և Պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին ողջույնի խոսք հղեցին զորավարժության մասնակիցներին և մաղթեցին նրանց զորավարժության հաջող անցկացում։
Զորավարժության նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումների կարողությունների համաժամեցումը և համակարգումը, բարձրացնել փոխգործունակությունը և փոխանակել փորձը։ Զորավարժությունը կենտրոնացած է փոքր ստորաբաժանումների մարտավարության և նրանց խնդիրների կատարման վրա։ Զորավարժություններին կհետևի գնահատող խումբ, որը բաղկացած է երեք երկրների ներկայացուցիչներից։
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ «Կովկասյան արծիվ» հատուկ գործողությունների զորավարժությունները անցկացվում են ամեն տարի երեք երկրներում՝ ռոտացիոն կարգով», – ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։