Վրաստանում է գտնվում Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պատվիրակությունը։
Ռազմական ոստիկանության վարչության պետ, փոխգնդապետ Էլգյուն Ալիևին և պատվիրակության անդամներին հյուրընկալել են Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության վարչության պետերը։
Գերատեսչության ղեկավար, գնդապետ Կախա Պետրիաշվիլին երկկողմ հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը կիսվել են իրենց փորձով, կենտրոնացել են բարեկամական հարաբերությունների վրա և ցանկություն են հայտնել խորացնել համագործակցությունը։ Վրացական կողմը ադրբեջանցի հյուրերին տեղեկատվական ճեպազրույց է ներկայացրել Ռազմական ոստիկանության վարչության առաքելության և գործունեության մասին։
Այցի շրջանակներում Ադրբեջանի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության ներկայացուցիչներն այցելել են Ռազմական ոստիկանության Արևելյան գումարտակ, որտեղ զննել են բազայում ներկայացված տեխնիկան, սպառազինությունն ու մեքենաները և ծանոթացել դրանց հնարավորություններին։
«Հատուկ ճեպազրույցում հյուրերը կարևոր տեղեկություններ են ստացել Ռազմական ոստիկանության վարչության արևելյան գումարտակի գործառույթների և պարտականությունների, նպատակների և միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին»,- նշել են ՊՆ մամուլի ծառայությունից։