Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում գիշերային ժամերին տեղաշարժման սահմանափակումը գործելու է այսօրվանից
Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում գիշերային ժամերին տեղաշարժման սահմանափակումը գործելու է այսօրվանից: Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում տեղաշարժը կսահմանափակվի 22:00-ից մինչև 05:00-ն: Որոշումը նոյեմբերի 7-ի իր նիստում կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Սահմանափակումը տարածվելու է ինչպես հետիոտների, այնպես էլ տրանսպորտային և մասնավոր ավտոմեքենաների օգտագործողների վրա:
Համակարգող խորհրդի որոշման համաձայն, սահմանափակումը չի տարածվի. միջազգային բեռնափոխադրումների, օպերատիվ շտաբի հետ համաձայնությամբ, այն անձանց և տրանսպորտային միջոցների վրա, որոնց տեղաշարժը կարևոր է ծառայողական պարտականությունների կատարման համար, ներառյալ բժշկական և դեղագործական, ռազմավարական նշանակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների և առաքման ծառայության առաքիչների վրա:
Խորհրդի որոշման համաձայն, բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչ 22:00, բացառությամբ բժշկական և դեղագործական նպատակների և ռազմավարական նշանակության օբյեկտների:
«Բացի այդ, այս քաղաքներում հատուկ միջոցներ են ձեռնարկվելու քաղաքային տրանսպորտում մարդկանց քանակը կրճատելու կապակցությամբ: Օրվա ընթացքում տրանսպորտով տեղաշարժը չի սահմանափակվի», – ասված է համակարգող խորհրդի որոշման մեջ:
Ինչպես պարզաբանել է փոխվարչապետ Մաիա Ցքիտիշվիլին, լրացուցիչ կետային սահմանափակումների շրջանակներում, տեղաշարժի վրա հաստատված սահմանափակումը խախտելու համար, ֆիզիկական անձի համար նախատեսվում է 2000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձի համար `10 000 լարի: Նրա խոսքով, նշված պատժամիջոցները սահմանված են կարանտինային միջոցառումները կարգավորող օրենքով: