Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Վրաստանում է «Մետաքսի ճանապարհի համաժողովի» շրջանակներում:
Զրույցի գլխավոր թեման է եղել երկու երկրների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։
Տիգրան Ավինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում կողմերը անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին և խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցությանը։
Վրաստանի խորհրդարանի նախագահը և Հայաստանի փոխվարչապետն ընդգծել են բարձր մակարդակի այցերը և հանդիպումները շարունակելու անհրաժեշտությունը: