Վրաստանի խորհրդարանի նախագահ. Սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքը կվերսկսենք արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո
Վրաստանում արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կվերսկսենք աշխատանքը սահմանադրական փոփոխությունների շուրջ: Զուգահեռաբար, կաշխատենք ընտրական օրենսգրքի շուրջ՝ ԵԱՀԿ-ի հանձնարարականները հաշվի անելով և այնպես, որ լրացուցիչ նիստեր նշանակելու անհրաժեշտություն չլինի, մենք պատրաստ ենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ նոր կորոնավիրուսի և քաղաքական օրացույցի մասին խոսելիս:
Թալակվաձեն նշել է, որ ընտրական օրենսդրության հետ կապված հանդիպումները կշարունակվեն առցանց ռեժիմում: Խորհրդարանի նախագահն արձագանքել է նաև ընդդիմության հայտարարություններին:
«Մենք ունենք հստակ խնդիր, որ ընտրություններն անցկացնենք սահմանադրությամբ սահմանված ժամկետում և ոչ միայն անցկացնենք, այլև մինչև ընտրությունները հասցնենք իրականացնել այն բարեփոխումները, որոնք նախընտրական միջավայրը կդարձնեն առավել մրցունակ, առավել արդար: Ցանկանում ենք, առավելագույնս հաշվի առնել ԵԱՀԿ-ի հանձնարարականները»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Նրա փոխանցմամբ, կան մի քանի տեխնիկական բնույթի հանձնարարականներ, որոնք հնարավոր է ուղղակիորեն հաշվի չառնվեն, սակայն այս մասին բոլորս նույն կարծիքի են: Խորհրդարանի նախագահը կոնկրետացրել է, որ էական հանձնարարականները առավելագույն կերպով հաշվի կառնվեն:
«Ընդիմությունը տեսնում է, որ այս ուղղությամբ գնում ենք դեպի համաձայնություն: Մենք, որպես իշխանություն, ունենք շատ հստակ նպատակ, անցկացնել ժողովրդավար, թափանցիկ և արդար ընտրություններ»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: