Վրաստանի խորհրդարանը հայտարարություն կընդունի «Ընկերության ակտի» վերաբերյալ
Վրաստանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված այսպես կոչված «Ընկերության ակտի» վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ինչպես նշել է Պապուաշվիլին, հայտարարության մեջ ներկայացված կլինեն Վրաստանի խորհրդարանի գնահատականներն ու պատասխանները «Ընկերության ակտի» առնչությամբ։
«Հաջորդ հարցը Վրաստանի խորհրդարանի որոշման նախագիծն է՝ հայտարարություն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված այսպես կոչված «Ընկերության ակտի» վերաբերյալ։ Այսօր հասարակությունը տեսավ վարչապետի ուղերձը ԱՄՆ նախագահին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կար նաև «Ընկերության ակտին»։ Խորհրդարանում մենք պատրաստել ենք հայտարարություն՝ բոլոր խմբակցությունների և քաղաքական խմբերի մասնակցությամբ, որը վերաբերում է այսպես կոչված «Ընկերության ակտին» և ներառում է մեր գնահատականներն ու արձագանքը։
Նախաձեռնողները ես եմ՝ որպես խորհրդարանի նախագահ, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարները։ Հետևաբար, նախաձեռնությունն ներկայացվում է խորհրդարանի անունից։ Այն փոխանցվելու է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ որպես գլխավոր հանձնաժողով, և ես կլինեմ զեկուցողը։ Քննարկումները կկայանան վաղը՝ ինչպես հանձնաժողովում, այնպես էլ լիագումար նիստում։
Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ այսպես կոչված «Ընկերության ակտը», որն, ինչպես տեսանք, ինքնին վերանվանվեց, քանի որ այն պարունակում էր ամեն ինչ, բացի ընկերությունից, հիմնված է ոչ միայն սխալ փաստերի վրա, այլ նաև իր էությամբ լիովին հակադարձում է իրականությանը, որն այսօր գոյություն ունի Վրաստանում։ Հետևաբար, մեր նպատակն է՝ հիմնվելով փաստարկների և ամուր փաստերի վրա, ևս մեկ անգամ ցույց տալ իրականությունը և տալ մեր գնահատականը։ Իհարկե, այն, ինչ տեսանք այսպես կոչված «Ընկերության ակտում», հակասում է ընկերության ցանկացած ըմբռնմանը։ Հասարակությունը հնարավորություն կունենա տեսնելու այս հարցի վերաբերյալ քննարկումներ։ Խորհրդարանը իր դիրքորոշումը հստակ կարտահայտի հայտարարության տեսքով», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։