«Ասոշիեյթեդ պրես» – Սպիտակ տունը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեության հետաքննության շրջանակներում Կոնգրեսի կողմից ձեռնարկված որոշ գործողություններ կարող են պարունակել հանցագործության տարրեր
Սպիտակ տունը հայտարարում է, որ Թրամփի վարչակազմի վերաբերյալ Կոնգրեսի որոշ հետաքննություններ կարող են քրեական լինել։
Այս մասին տեղեկատվություն է տարածում «Ասոշիեյթեդ պրես»-ը։
Սպիտակ տան խորհրդական Ուիլ Շարփը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ռոբերտ Գարսիային՝ զգուշացնելով, որ գործադիր իշխանության պաշտոնյաներին վախեցնելու կամ հարկադրելու համար ձեռնարկված գործողությունները կարող են համարվել քրեական։
Սպիտակ տան նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ դեմոկրատները հայտարարել են, որ միջանկյալ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո լայնածավալ հետաքննություն կսկսեն Թրամփի վարչակազմի նկատմամբ։
Ռոբերտ Գարսիան պատասխանել է՝ ասելով, որ Կոնգրեսը Սպիտակ տան թույլտվության կարիքը չունի վերահսկողության և հետաքննության իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար։
«Կարծես թե Դոնալդ Թրամփը թաքցնելու բան ունի», – ասել է Գարսիան։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ դեմոկրատները պլանավորում են ուսումնասիրել, թե ինչպես է Թրամփի և նրա ընտանիքի հարստությունն աճել Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Հետաքննության հնարավոր ոլորտներից են Ջեֆրի Էպշտեյնի նկատմամբ ընթացող հետաքննությունը, ներգաղթի ծառայության աշխատանքը, Սպիտակ տան շինարարական նախագծերը, Թրամփի ընտանիքի ներգրավվածությունը հանքային գործարքներում և կրիպտոարժույթային գործողություններում։
Նախագահ Թրամփը և նրա վարչակազմը հերքում են չարաշահումների մեղադրանքները։
ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանչը հայտարարել է, որ դեմոկրատների սպառնալից հայտարարությունները կարող են հանգեցնել իրավական հետաքննության: Նա ընդունել է, որ Կոնգրեսն ունի գործադիր իշխանությանը վերահսկելու լիազորություններ, և որ Արդարադատության նախարարությունը կշարունակի համագործակցել օրենսդիրների հետ։
Դեմոկրատները պաշտոնապես կստանձնեն Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը 2027 թվականի հունվարին: Ռոբերտ Գարսիան, ինչպես սպասվում է, կգլխավորի Վերահսկողության հանձնաժողովը: