Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի արտգործնախարարի և միգրացիայի հարցերով նախարարի հետ
Խորհրդարանական պատվիրակությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի ղեկավարությամբ, պաշտոնական այցով գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Լիբանանի արտգործնախարար և միգրացիայի հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի և Լիբանանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆադի Ալամեհի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում։
Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականության սկզբունքի աջակցության համար և պատրաստակամություն են հայտնել շարունակել փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում այս ուղղությամբ։
Խորհրդարանական պատվիրակության անդամները լիբանանցի գործընկերներին խնդրել են աջակցել ՄԱԿ-ում «Փախստականների և բռնագաղթված անձանց կարգավիճակի մասին Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսեթիայից» բանաձևին, որը քվեարկության կդրվի հունիսի սկզբին։
Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխայցելությունները։
Նիկոլոզ Սամխարաձեն գործընկերներին ներկայացրել է Վրաստանի օկուպացված շրջաններում առկա բարդ իրավիճակը և երկրի խաղաղարար դերը Հարավային Կովկասում։
Լիբանանցի ներկայացուցիչները խոսել են Լիբանանի հակամարտության կարգավորման մասին, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեքաշվիլին և մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիան։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։