Վրաստանի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին
Վրաստանը նախագահական ընտրություններով կհանձնի ևս մեկ, շատ կարևոր ժողովրդավարության թեստ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության նիստից առաջ:
«Մի քանի օրից ունենք շատ կարևոր և պատասխանատու օր: Երկրում անցկացվում են նախագահական ընտրություններ: Ցանկանում եմ մեր քաղաքացիներին կոչ անել, գնալ ընտրություններին և անել ցանկալի ընտրություն: Վրաստանն այս ընտրություններով կհանձնի ևս մեկ, շատ կարևոր ժողովրդավարության թեստ և հավատում եմ, որ բոլորս միասին, յուրաքանչյուր քաղաքացի այս թեստը կհանձնի այնպես, ինչպես հարիր է մեր երկրին»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի վարչապետի խոսքով, կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի այս ընտրություններն անցկացվեին ազատ, թափանցիկ և ժողովրդավարական միջավայրում:
«Սակայն ցանկանում եմ հավելել, որ հանրության պահանջը և ցանկությունը, ունենալ իսկական եվրոպական տիպի նախընտրական քարոզարշավ, չիրականացավ մինչև վերջ՝ քաղաքական որոշ ուժերի ապակառուցողական հռետորաբանության պատճառով: Մենք թույլ չենք տա, որ ընտրական գործընթացում քաղաքական որևէ ուժ մտցնի դիսոնանս: Խոստանում ենք, որ յուրաքանչյուր ընտրող հնարավորություն կունենա կատարել ազատ ընտրություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: