Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է բիզնես սեկտորի ներկայացուցիչներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է բիզնես սեկտորի ներկայացուցիչներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է բիզնես սեկտորի ներկայացուցիչներին։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել երկրի տնտեսությունում առկա դրական միտումներին և տնտեսական բարձր աճի տեմպին, որով Վրաստանը առաջին տեղում է տարածաշրջանում և Եվրոպայում։

Վարչապետի գնահատմամբ՝ տնտեսական զարգացումը կարևոր է նաև երկրի դիրքերի ամրապնդման համար միջազգային ասպարեզում, և այս ուղղությանը ապագայում ևս կտրուկ ուշադրություն կդարձվի։

«Կառավարության ղեկավարը խոսել է երկրում աղքատության նվազեցման և զբաղվածության աճի դրական ցուցանիշների մասին։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ անցած տարի ստեղծվել է 68 հազար նոր աշխատատեղ, որտեղ մեծ է բիզնեսի դերը, քանի որ հենց բիզնեսն է ստեղծում աշխատատեղերը, և շնորհակալություն է հայտնել գործարարներին։

Վարչապետը նաև անդրադարձել է ֆինանսական ոլորտում դրական ցուցանիշներին, ցածր ինֆլյացիային, ազգային արժույթի փոխարժեքի կայունությանը և նշել է, որ տնտեսական աճը արագացնելու համար կառավարությունը ակտիվորեն աշխատում է։

Բիզնեսի հետ հանդիպման ժամանակ Իրակլի Կոբախիձեն ուշադրություն է հրավիրել կառավարության ձեռնարկած քայլերի վրա՝ կոռուպցիայի հնարավորինս նվազեցման ուղղությամբ, ներառյալ կադրային որոշումները։ Նա նշել է, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, և կարվի ամեն ինչ՝ նվազեցնելու դրա մակարդակը։ Վարչապետի խոսքով՝ այդ քաղաքական կամքն առկա է, իսկ կադրային փոփոխություններում առաջնահերթություն է տրվում բարեխղճությանը։

Կառավարության ղեկավարը խոսել է նաև վերջին ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի մասին, ներառյալ՝ կառավարության բոլոր իրավական ակտերի թափանցիկությունը, անշարժ գույքի ուղղակի վաճառքի պրակտիկայի վերացումը, ինչպես նաև խոշոր գնումների մանրամասն վերահսկողությունը, որը իրականացնում է կառավարության արդյունավետության վարչությունը։

Վարչապետի և բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումը ընթացել է ընդլայնված ձևաչափով՝ հարց ու պատասխանի ռեժիմով։ Հանդիպմանը մասնակցել է ավելի քան 80 ներկայացուցիչ՝ տարբեր ոլորտների բիզնեսից», – ասվում է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։