Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, տարածված դեզինֆորմացիայի կապակցությամբ հարցաքննվել է Իցիկ Մոշեն
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, տարածված դեզինֆորմացիայի կապակցությամբ հարցաքննվել է Իցիկ Մոշեն

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է՝ իսրայելցի փորձագետ Իցիկ Մոշեն, որը հրավիրվել էր հարցաքննության, հայտնել է, որ տեղեկատվությունը Վրաստանում իբր հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին ստացել է Քնեսեթի անդամից, իսկ այդ անդամին տեղեկատվությունը փոխանցել է Քնեսեթի էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ։

Ծառայության հաղորդմամբ՝ Իցիկ Մոշեն չի կարողացել ներկայացնել տեղեկատվության ավելի կոնկրետ կամ վստահելի աղբյուր։

«Երբ նրան հարց տվեցին, թե ինչու է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել, իբր վրացական կողմն արդեն նախազգուշացվել է վտանգի մասին, Իցիկ Մոշեն դա ամբողջությամբ հերքեց։ Նրա պարզաբանմամբ՝ լրագրողներին ասել է, որ եթե վտանգը իրական լիներ, այդ դեպքում անպայման տեղեկացվեին վրացական կողմին։

Կրկին, կտրականապես խնդրում ենք բոլորին ձեռնպահ մնալ նման աբսուրդային, ոչ լուրջ, երկրի համար վնասակար և չհաստատված տեղեկատվության տարածումից», – նշված է Պետական անվտանգության ծառայության հայտարարությունում։

Մինչ այս, ծառայությունը նաև հայտարարել էր, որ Վրաստանի և Իսրայելի հատուկ ծառայություններին չի հաղորդվել և չեն ունեցել որևէ տեղեկատվություն այն մասին, որ Վրաստանում հնարավոր են ահաբեկչական հարձակումներ, և, հետևաբար, այդպիսի տեղեկատվություն որևէ մեկին չի փոխանցվել։

Հիշեցնենք, որ այսօր մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Քնեսեթի մի քանի անդամներ չեղարկել են իրենց այցը Վրաստան՝ ահաբեկչական սպառնալիքների պատճառով։