Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է Ադրբեջանի կիբերանվտանգության ծառայության ներկայացուցիչներին
Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վրաստանի հանրային անվտանգության ինստիտուտի կիբերանվտանգության բյուրոյի և Ադրբեջանի կիբերանվտանգության ծառայության ներկայացուցիչների հանդիպումը։
Կիբերանվտանգության բյուրոյի ղեկավար Լուկա Մգելաձեն ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացրել է բյուրոյի կառուցվածքն ու նպատակները, ինչպես նաև խոսել է ընթացիկ և նախատեսված նախագծերի մասին։
Ադրբեջանի կիբերանվտանգության ծառայության ղեկավար, փոխգնդապետ Էլշան Ռովշան Հասանովը խոսել է Ադրբեջանի համապատասխան ծառայության գործունեության մասին։ Կողմերը պայմանավորվել են կիբերանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն ավելի խորացնելու վերաբերյալ։
Այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները այցելել են Դավիթ Աղմաշենեբելիի անվան Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, որտեղ հանդիպել են ինֆորմատիկայի բակալավրիատի ծրագրի կուրսանտների հետ։
Պատվիրակության անդամները այցելել են նաև Շինդիսիի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել հերոսներին։ Կիբերանվտանգության ծառայության ներկայացուցիչների հանդիպումը երրորդ անգամ է անցկացվում երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում։