Վրաստանի պահպանվող տարածքներ մեկնողների համար ստեղծվում է բջջային հավելված
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը ճանապարհորդների համար պահպանվող տարածքների հավելված է ստեղծում, որը կներառի Վրաստանի պահպանվող տարածքների արահետները՝ համապատասխան տեղեկություններով։
Գործակալության տվյալներով՝ հավելվածի միջոցով այցելուները կկարողանան նախօրոք որոշել երթուղին, որը ճանապարհորդությունը կդարձնի հնարավորինս հեշտ, ճկուն ու անվտանգ։
Ըստ Պահպանվող տարածքների գործակալության՝ ծրագիրը կնպաստի գյուղական էկոտուրիզմի ծառայությունների զարգացմանը, ինչն իր հերթին կբարելավի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։
Հավելվածի պատրաստման նախնական արդյունքները, ներառյալ հետազոտության արդյունքները, բովանդակությունը, տեխնիկական և վիզուալ հարցերը, քննարկվել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության և Պահպանվող տարածքների գործակալության համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ «Noxtton» ընկերության ներկայացուցիչների հետ։
Հավելվածի վրա աշխատանքները շարունակվում են «Պահպանվող տարածքներում բնական ռեսուրսների կառավարման բարելավում և գյուղական կայուն զարգացմանը նպաստող ծառայությունների ավելացում» նախաձեռնության շրջանակներում։
Նախաձեռնությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից իրականացվող «Վրաստանում գյուղական համայնքների զարգացման» (IRDG) ծրագրի մի մասն է: