Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գնահատման և ստուգման տնօրենի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գնահատման և ստուգման տնօրենի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության ՌՕՈւ գնահատման և ստուգման վարչության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յաշար Քադիօղլուի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ։

Ըստ հաղորդագրության՝ Յաշար Քադիօղլուն ղեկավարում էր Թուրքիայից ժամանած պատվիրակությունը, որը այցելել էր Վրաստան թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման դեպքի կապակցությամբ։ Պատվիրակության անդամները, Վրաստանի գործընկերների հետ միասին, մասնակցել են ավիավթարի վայրում փրկարարական և քննչական գործողություններին։

«Երկկողմ հանդիպման ընթացքում Յաշար Քադիօղլուն շնորհակալություն է հայտնել Գեկա Գելաձեին արդյունավետ աշխատանքի և համակարգված համագործակցության համար։ Թուրքիայի գեներալի խոսքով՝ վրացական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք աշխատել են ավիավթարի վայրում, աչքի են ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և ստանդարտներով», – նշված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը մասնակցել են՝

ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին

Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը

Դեսպանության առաջին խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ Մելիքե Իլմազ Օսքիվերին

Ռազմական աթաշե, գնդապետ Իլհան Օքթենդուրալին։

Հիշեցնենք՝ թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին, Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Վթարի հետևանքով Թուրքիայի ռազմական օդուժի 20 ծառայողներ են զոհվել։