Վրաստանի քաղաքացիները թուրքական շուկայի բացումից հետո դեղերի վրա խնայել են 43 մլն լարի. Առողջության նախարարություն
Առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է Թուրքիայից ներկրվող դեղերի վաճառքը։ Արդյունքում դեղագործական շուկայի բացումից հետո ավելի քան 125 հազար քաղաքացի գնել է Թուրքիայից ներկրված դեղամիջոցներ, որոնց համար վճարել է մոտ 19 մլն լարի՝ 62 մլն լարիի փոխարեն։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիները դեղերի վրա խնայել են մինչև 43 մլն լարի,- այս տեղեկությունը տարածել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին նշում է, որ թուրքական շուկայի բացման արդյունքում վրացական դեղատների ցանցերում զգալիորեն ցածր գներով հասանելի են ավելի քան 400 տեսակի դեղամիջոց։
«Միջին հաշվով, երբ սպառողը հին գներով դեղագործական ապրանքի համար վճարում էր ամսական 200 լարի, այսօրվա տվյալներով նույն դեղը գնելը նրան արժե մոտ 60 լարի։ Վարչապետի նախաձեռնած բարեփոխման արդյունքում մենք արդեն շոշափելի փոփոխություններ ենք տեսնում։ Դա արտահայտվում է դեղերի գների 60-80 տոկոս նվազմամբ։ Ներմուծվող թուրքական դեղերի թիվը օրեցօր ավելանում է, և նշված օգուտը կանդրադառնա ավելի շատ քաղաքացիների վրա»,- ասել է Իլիա Ղուդուշաուրին։