Վրաստանի կառավարություն. Զուրաբ Ադեիշվիլիի հյուրընկալումը Եվրամիությունում և Գերմանիայում խաթարում է այն ընկալումը, որ եվրոպական բյուրոկրատիան հավատարիմ է օրենքի գերակայության գաղափարին
Վրաստանի կառավարություն. Զուրաբ Ադեիշվիլիի հյուրընկալումը Եվրամիությունում և Գերմանիայում խաթարում է այն ընկալումը, որ եվրոպական բյուրոկրատիան հավատարիմ է օրենքի գերակայության գաղափարին

Զուրաբ Ադեիշվիլիի հյուրընկալումը Եվրամիությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խաթարում է այն ընկալումը, որ եվրոպական բյուրոկրատիան հավատարիմ է օրենքի գերակայության գաղափարին, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

«Վրաստանի կառավարությունը մտահոգություն է հայտնում Եվրամիությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղի ունեցած այցերի և հանդիպումների կապակցությամբ, որոնց ուկրաինական պատվիրակության կազմում մասնակցել է հանցագործ ճանաչված և վրացական արդարադատության կողմից հետախուզվող Զուրաբ Ադեիշվիլին։

Զուրաբ Ադեիշվիլին ռեպրեսիվ ռեժիմի ստեղծողներից էր, որը տարիներ շարունակ ոտնահարում էր Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները, մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, դատական ​​համակարգի անկախությունը։ Նշված ռեժիմը զոհաբերել է բազմաթիվ մարդկանց կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը։

Զուրաբ Ադեիշվիլին դատապարտվել է գինու գործարանի ապօրինի բռնագրավման, «Իբերիա» հեռուստաընկերության գրավման, Կոբա Դավիթաշվիլիի առևանգման և նրա նկատմամբ դաժան բռնության, բանտարկյալների խոշտանգումների և «Քարթու բանկի» սնանկացման համար։ Ինչպես նաև մեղադրվում է «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, 2007 թվականի նոյեմբերի 7-ի բռնությունների և Բուտա Ռոբաքիձեի սպանության հանցագործությունը կոծկելու գործերով:

Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ Զուրաբ Ադեիշվիլիին հյուրընկալելը Եվրամիությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խաթարում է այն ընկալումը, որ եվրոպական բյուրոկրատիան հավատարիմ է իրավական պետության գաղափարին։

Ըստ այդմ, նշված իրադարձությունն ուղղակիորեն հակասում է Եվրամիության կողմից Վրաստանի համար սահմանված ինը առաջնահերթությունների առաջին առաջնահերթության ոգուն, այն է՝ կանխել Վրաստանում հակաեվրոպական տրամադրությունների ուժեղացումը։

Նույն կերպ, Եվրամիության տարածքում այլ հանցագործների և հետախուզման մեջ գտնվող անձանց ազատ տեղաշարժը նպաստում է հակաեվրոպական տրամադրությունների բորբոքմանը, որոնց մասով հիմնավոր ենթադրություն կա, որ նրանք դեռևս ներգրավված են ամենածանր հանցավոր գործողություններում, ուղղված Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների դեմ։

«Վրաստանը հավատարիմ գործընկեր է և ակնկալում է, որ ապագայում եվրոպական կառույցները և բյուրոկրատիան ավելի զգայունություն և հավատարմություն կցուցաբերեն այն արժեքներին, որոնք Եվրոպան հիմնել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։