Վրաստանի հետ հարաբերությունների խորացումն մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյան
Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կայացած հանդիպումից հետո, համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, հանդիսանում է երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմք:
«Ես իմ և հայկական պատվիրակության բոլոր անդամների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, Վրաստան հրավերի և ջերմ ընդունելության համար: Երջանիկ եմ այս հնարավորությամբ: Ես բազմիցս նշել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկն է: Վստահ եմ, որ դրա համար կան բոլոր նախապայմանները: Կասկած չկա, որ դարավոր բարեկամությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, հանդիսանում է երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմք»,- ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ժողովրդավարության հաղթանակը և օրենքի գերակայությունը նոր հորիզոններ է բացել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործում:
«Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր նոր գործոններ են ի հայտ եկել, որոնք մեր բարեկամությունն անբաժանելի են դարձնում և ավելի են ուժեղացնում համագործակցության մեր ձգտումը: Դա նախ և առաջ մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատկերացումն է, կառուցել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա: Ժողովրդավարության հաղթանակը և օրենքի գերակայությունը նոր հորիզոններ է բացել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման գործում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը, Փաշինյանը նշել է, որ այսօրվա բանակցությունները անցած տարի Երևանում սկսված բանակցությունների շարունակությունն է: