Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շատ կարևոր են. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերությունները զարգանում են ակտիվ և անկեղծ շփումների միջոցով, մեզ համար ցավոտ հարցերի շուրջ անմիջական և վստահությանը հենված բանակցությամբ: Այս ամենը այն բանի արտահայտումն է, որ Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շատ կարևոր են,-այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու երկրների միջև շփումների դինամիկան, հարաբերությունների մակարդակը և այս այցը ցույց են տալիս, որ Վրաստանը հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին:
«Ես բարձր եմ գնահատում այսօրվա բանակցությունները, ինչը մեկ անգամ ևս հաստատել է մեր հարաբերությունների բարձր մակարդակը և երկկողմ պատրաստակամությունը դրանց հետագա զարգացման համար: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և ընդգրկուն է, որ դժվար է մեկ հանդիպման ընթացքում քննարկել բոլոր հարցերը: Մենք բարձր ենք գնահատել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը երկարատև դադարից հետո: Կարևոր է, որ հանձնաժողովի շրջանակներում անց է կացվելու նաև հայ-վրացական գործարար համաժողով, որը լայն ճանապարհ կբացի մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությամբ, հանդիպմանը կողմերը զրուցել են երկկողմ մարդասիրական կապերի խորացման հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետները կարևորել են մշակութային ժառանգության պաշտպանությունը և բարձր են գնահատել այս ուղղությամբ կատարված բոլոր ջանքերը:
Ըստ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգ միջավայրի ստեղծումն է: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այդ տեսանկյունից հայ-վրացական հարաբերությունները պետք է զարգանան, առանց արտաքին գործոնների միջամտելու: