Վրաստանի հայազգի քաղաքացիները ակտիվ ներգրավված են երկրի կառուցման գործին, որը բազմազգ Վրաստանի միասնության վառ ապացույցն է. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա և բարիդրացիական ավանդույթներ, որը պատկերվել է այսօր առկա գործընկերային համագործակցությունում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ անցկացված մամլո ասուլիսին:
«Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին այցը Վրաստան իրականացվել է հենց այն ժամանակ, երբ մենք նույն ժամանակաշրջանում ենք տոնում մեր հանրապետությունների անկախության հռչակման 100-ամյա հոբելյանը և երկու երկրների համար այս պատմական իրադարձությունը տեղի է ունեցել մեր քաղաքում, Թբիլիսիում: Օգտվելով առիթից մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել երկու բարեկամ ազգերին այս ամսաթվի՝ անկախության հռչակման 100 ամյակի կապակցությամբ: 100 տարի առաջ վրաց և հայ ժողովուրդները չնայած բազմաթիվ բարդությունների և մարտահրավերների, արտահայտել են պայքարելու առանձնահատուկ ունակություն և հստակ ցուցադրել զարգացման ժողովրդավարական ճանապարհի նկատմամբ սեփական ձգտումը:
Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանին և Հայաստանին կապում է բազմադարյա բարեկամություն և բարիդրացիական ավանդույթներ, որը արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցությունում:
«Նախկին Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո, անկախության վերականգնումից հետո, հնարավոր է դարձել զարգացնել վստահության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը շատ կարևոր են Վրաստանի համար: Հենց այդ պատճառով, Վրաստանում մեծ ուշադրությամբ էինք հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակվա իրադարձություններին, երբ հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության օրինակ: Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհավորել իմ թանկագին հյուրին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ և ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնին, ի բարօրություն ազգի և երկրի: Հարգարժան վարչապետ, Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս հաստատում եմ ապագա արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները: Ընդգծել ենք մեր ձգտումը, ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափել ենք առկա առևտրա-տնտեսական հարաբերությունների զարագացման հեռանկարները»,- նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով, հանդիպմանը զրուցել են համագործակցության զարգացման այնպիսի ուղղությունների շուրջ, ինչպիսիք են՝ տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, նորարարությունները և այլն:
«Չնայած արդեն գոյություն ունեցող ինտենսիվ համագործակցությանը, իհարկե կա չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով: Երկկողմ հարաբերությունների հարցերի հետ մեկտեղ, ուշադրությունը բևեռել ենք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցի վրա: Հանդիպմանը ուշադրություն ենք դարձրել նաև տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին և ընդգծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը: Հայտնել ենք պարբերաբար հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն, ինչպես նաև համաձայնել բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկայի պահպանման շուրջ: Ընդունել ենք որոշում, նորացնել երրկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով, մոտ ապագայում կայանալու է աշխատանքային խմբերի հանդիպում և պատրաստվելու է երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը:
«Մենք նույնպես առանձնացրել ենք հիմնական ուղղությունները, որոնց վրա ուշադրություն ենք դարձնելու հանձնաժողովի շրջանակներում և համաձայնել ենք սկզբունքների վրա, որի հիմքով կառուցվելու է ապագա աշխատանքային օրակարգը: Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը այցելելու է հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ է ունենալու տեղի բնակչության հետ: Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները ակտիվ ներգրավված են երկրի կառուցման գործին, որը բազմազգ Վրաստանի միասնության վառ ապացույցն է: Մեր բնակչությունը, չնայած ազգային պատկանելությանը, ծառայում է մեկ նպատակին ՝ Վրաստանի հզորացմանը և տարածաշրջանային և դրացիական հարաբերությունների զարգացմանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը հյուրընկալվելու և անկեղծ զրույցի համար և հայտնում եմ պատրաստակամություն ապագա համագործակցությունը շարունակելու կապակցությամբ»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: