Վրաստանի և Սերբիայի միջև ուղիղ չվերթները կսկսվեն հունիսի 15-ից

13:52, 25.03.2025

2025 թվականի հունիսի 15-ից վրացական ավիաշուկա կմտնի նոր եվրոպական ավիաընկերություն՝ Air Serbia-ն: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։

Գերատեսչության տվյալներով՝ ավիաընկերությունը ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Բելգրադից դեպի Թբիլիսի և հակառակը շաբաթական երեք անգամ՝ օգտագործելով Airbus 319 ինքնաթիռ։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլիի խոսքով՝ Վրաստանի և Սերբիայի միջև երբեք ուղիղ կանոնավոր չվերթ չի իրականացվել։

«Մենք գոհ ենք, որ Սերբիայի առաջատար ավիաընկերությունը՝ «Էյր Սերբիան», մուտք է գործում վրացական ավիաշուկա: Վրացական օդանավակայանների ասոցիացիան արդեն մի քանի տարի է, ինչ բանակցություններ է վարում ավիաընկերության հետ, իսկ վերջերս դրանք շատ ավելի ինտենսիվ են դարձել: Վերջնական փուլում TAV Georgia-ն՝ Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանների օպերատորը, ներգրավվեց բանակցային գործընթացում: Ավիաընկերությունը կգործի Բելգրադի և Թբիլիսիի միջև ամբողջ տարին», – ասաց Լևան Մոսեշվիլին

Նշենք, որ Air Serbia-ն «Aeroput»-ը սերբական առաջին ազգային ավիաընկերության իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1927 թվականին: Ըստ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի՝ 2024 թվականին Վրաստանի և Սերբիայի միջև ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 16839 ուղևոր, ինչը 26 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից:

Նմանատիպ