Վրաստանի և Սերբիայի միջև ուղիղ չվերթներ են սկսվել

13:58, 15.06.2025

Վրացական ավիացիոն շուկա է մուտք գործել նոր եվրոպական ավիաընկերություն՝ Air Serbia-ն։ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ սերբական դրոշակակիրի հետ ակտիվ բանակցությունները, որոնց մասնակցում է նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, հաջողությամբ ավարտվել են։

Ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ կիրականացնի ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ օգտագործելով Airbus 319 ինքնաթիռներ։

Air Serbia-ն վերջերս իրականացրել է իր առաջին ուղիղ չվերթը Բելգրադից դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան։ Առաջին չվերթի ուղևորների թվում էր Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը, որին Թբիլիսիի միջազգային օդանավակայանի կառավարական տերմինալում դիմավորել են արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիշվիլին, Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին և Վրաստանում և Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայուտովիչ Ցվետկովիչը։

Թբիլիսիի օդանավակայանի կառավարական տերմինալում տեղի է ունեցել ընդունելություն՝ նոր եվրոպական ավիաընկերության ողջույնի համար, որին մասնակցել են ավիացիայի և զբոսաշրջության ոլորտների և ավիաընկերության ներկայացուցիչներ։

Վրացական օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլիի խոսքով՝ Վրաստանի և Սերբիայի միջև երբեք ուղիղ կանոնավոր չվերթ չի եղել։

Air Serbia-ն առաջին սերբական ազգային ավիաընկերության՝ Aeroput-ի իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1927 թվականին: 2024 թվականին Վրաստանի և Սերբիայի միջև ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 16,839 ուղևոր, ինչը 66%-ով ավելի է, քան 2023 թվականին:

Նմանատիպ