Վրաստանի և Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 13 անձի
Վրաստանի և Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների աշխատակիցները Իսպանիայում անցկացված CACHABA միջազգային հատուկ գործողության շրջանակներում ձերբակալել են 13 անձի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ոստիկանական միջոցառումն իրականացվել է Վրաստանի ոստիկանության կցորդի հետ ակտիվ համագործակցությամբ, և դրան նախորդել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև մեկամյա ինտենսիվ համակարգումը:
«Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ հանցավոր խմբավորման անդամները մասնակցել են Իսպանիայի տարբեր տարածաշրջաններում կատարված բնակարանային 27 գողությունների: Պարզվում է, որ խմբավորումը բաղկացած էր երկու տարբեր ճյուղերից՝ վրացական ծագմամբ անդամներից, որոնք անմիջականորեն իրականացնում էին բնակարանային գողությունները, և իսպանական ճյուղից, որոնք տարբեր քաղաքներում իրականացնում էին գողացված իրերի իրացումը:
Երկու երկրների իրավապահները հատուկ գործողությունն անցկაციել են միաժամանակ Մադրիդում, Վալենսիայում, Գվադալախարայում և Ալիկանտեում՝ ընդհանուր առմամբ ինը տարբեր վայրերում:
Հետաքննությունն ընթանում է Իսպանիայի քրեական օրենսգրքի 510-րդ, 301-րդ և 570-րդ հոդվածներով: Հանցանքը նախատեսում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: