Վրաստան-Ադրբեջան սահմանի Լագոդեխիի անցակետից Վրաստանի հինգ քաղաքացի տեղափոխվել է ինֆեքսիոն հիվանդանոց
Վրաստան-Ադրբեջան սահմանի Լագոդեխիի անցակետից Վրաստանի հինգ քաղաքացի, համապատասխան ստուգումներից հետո, տեղափոխվել է ինֆեքսիոն հիվանդանոց: Նրանց մոտ եղել է բարձր ջերմություն:
Հիվանդությունների վերահսկման և առողջապահության ազգային կենտրոնի Կախեթիի տարածաշրջանային բաժնի վարիչ, Նելի Խիզանիշվիլիի խոսքով, Կախեթիում կարանտինային փուլ անցնող մարդկանց թիվը հասել է 130-ի: Նրա խոսքով, այդ մարդիկ մեկ չվերթով Վրաստան վերադարձած ուղևորներ են:
Վերջին տվյալներով, Կախեթիում ինքնամեկուսացման մեջ է 198 մարդ: Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար ևս երեք քաղաքացի տեղափոխվել է կարանտինային գոտի: Նելի Խիզանիշվիլիի հայտարարությամբ, այս փուլում ինքնամեկուսացված և կարանտինում գտնվող քաղաքացիների առողջական վիճակը բավարար է:
Կախեթիում վարակի կանխարգելիչ համակարգող խորհրդի ղեկավար, նահանգապետ Իրակլի Քադագիշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանում բնակվող մուսուլմանների հետ համաձայնության են եկել, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեծ շուքով չի նշվելու մահմեդական «Նովրուզ Բայրամի» տոնը: