«Վրացական երազանքը» սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը
Կուսակցության քաղխորհրդի նիստում որոշում ենք կայացրել Վրաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու մասին, այս մասին ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նա նշեց, այսօր կայացել է կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ, ի լրումն այլ հարցերի, քննարկվել է Վրաստանի նախագահի կողմից Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտման փաստը։
«Ինչպես գիտեք, Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է Վրաստանի Սահմանադրությունը եւ առանց կառավարության համաձայնության սկսել է արտասահմանյան այցերի շարք։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ միայն Վրաստանի կառավարությունը իրավասու է իրականացնել երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը։ Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին կետի «Ա» ենթակետի համաձայն՝ Վրաստանի նախագահը արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ կարող է իրականացնել միայն կառավարության հավանությամբ։ Ըստ այդմ, սահմանադրության տեքստը նույնիսկ նվազագույն տարածություն չի թողնում դրա ոչ միասնական մեկնաբանության համար», – ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, հանրությանը հայտնի է, որ Վրաստանի նախագահն արմատապես տարբերվում է Վրաստանի կառավարությունից այն գործընթացներին, որոնք կապված են Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ընդունման հետ։
«Նրա դիրքորոշումն այն է, որ անցյալ տարի Վրաստանն արժանի չէր թեկնածուի կարգավիճակին։ Ավելին, նրա հայտարարության համաձայն, Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունը միայն ֆորմալ առումով են կատարում Եվրամիության պահանջները, ինչը նշանակում է, որ, նրա կարծիքով, Վրաստանն այժմ էլ արժանի չէ թեկնածուի կարգավիճակին։ Նման վերաբերմունքի ֆոնին ակնհայտ է, որ Վրաստանի նախագահի ցանկացած եվրոպական այց հակաարդյունավետ է Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու տեսանկյունից և ուղղակիորեն հակադրվում է Վրաստանին նշված կարգավիճակ շնորհելու վրացական կառավարության ջանքերին։ Ուստի Վրաստանի կառավարության հրաժարումը նախագահի կողմից ծրագրված եվրոպական շրջագայությունից արդարացված է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական տեսակետից։ Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է մի տեսակ անպարտելի խաղ խաղալ. Նա մի կողմից գիտի, որ այսօրվա տեսակետից մեծացել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հեռանկարը, և նա ցանկանում է ինքն իրեն միավորներ հավաքել իրադարձությունների նման հնարավոր զարգացումից։ Մյուս կողմից, նա կփորձի հնարավորինս թույլ չտալ, որ Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի Սահմանադրությունը նախատեսում է դրա խախտմանը արձագանքելու միակ արդյունավետ իրավական մեխանիզմը՝ դա իմպիչմենտն է։ Երեկ և նախօրեին մենք բազմիցս նշել ենք, որ չնայած սահմանադրության կոպիտ խախտմանը, ներկա քաղաքական իրավիճակում անհնար է ավարտին հասցնել իմպիչմենտի ընթացակարգը», – ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, իմպիչմենտը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցությունը, և, հետևաբար, առանց արմատական ընդդիմության ձայների, այն կատարման հեռանկար չունի։