«Վրացական երազանքը» պատրաստ է արդար պայմաններում համաձայնության. Արչիլ Թալակվաձե
«Վրացական երազանքը» պատրաստ է արդար պայմաններում համաձայնության. Արչիլ Թալակվաձե

«Վրացական երազանքը» պատրաստ է արդար պայմաններում համաձայնության,- այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

«Ես ուզում եմ ձեզ շատ հստակ ասել. «Վրացական երազանքը» պատրաստ է արդար պայմաններում համաձայնության: Բացի այդ, մենք լիովին ցույց ենք տալիս մեր պատասխանատվությունը այս երկխոսության մեջ, որը երկրի կառավարման պարտականությունն է և պատասխանատվությունը մեր երկրի այն քաղաքացիների առջև, ովքեր, չնայած համավարակին, մասնակցել են ընտրություններին, և երկու միլիոն մեր համաքաղաքացիներ քվեարկել են տարբեր կուսակցությունների օգտին: Մենք բարձր ենք գնահատում նաև մեր աջակիցների ընտրությունը և, իհարկե, ցանկանում ենք հասնել այն համաձայնության, որը կլինի կայուն, երկարաժամկետ և կապահովի մեր երկրում քաղաքական համագործակցությունը: Այդ նպատակով «Վրացական երազանքը» իրականացրել է ժողովրդավարական հիմնարար բարեփոխումներ, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է, առաջին հերթին մենք ենք ցանկանում, որ այդ ժողովրդավարական բարեփոխումները բերեն քաղաքական կայունություն», – ասել է Թալակվաձեն:

Ըստ նրա, Վրաստանը Եվրամիության կողմից անսասան աջակցություն ունի, և մեր գործընկերների մասնակցությունն այս երկխոսությանը արտացոլում է այդ աջակցությունը:

«Այս երկխոսության ընթացքում, կարծում եմ, որ մենք, որպես իշխանություն, կարողացանք ավելի մանրամասն բացատրել մեր եվրոպացի գործընկերներին, թե ինչ քաղաքական ենթատեքստ կա երկրում, ինչ մարտահրավերներ և կարիքներ ունի մեր երկիրը: Մի բան պարզ է. Վրաստանն ունի անսասան աջակցություն Եվրամիության կողմից, և մեր գործընկերների մասնակցությունն այս երկխոսությանը արտացոլում է այդ աջակցությունը», – ասել է Թալակվաձեն:

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ: «Վրացական երազանքի» կողմից հանդիպմանը մասնակցում էր կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Շալվա Պապուաշվիլին: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը և Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Այս րոպեներին Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է ունենում ընդդիմության անդամներ, Սալոմե Սամադաշվիլիի, Ակակի Մինաշվիլիի և Խաթունա Սամնիձեի հետ: